Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Ինքնամաքրվող ծովը ափ է նետում աղբը

Ինքնամաքրվող ծովը ափ է նետում աղբը
17.03.2017 | 00:35

Ասում էի՝ մարտյան իդերը սկսվել են: Կարծում էիք՝ իրականությունը թողած՝ հազարամյակների մեջ եմ դեգերում: Չէի դեգերում՝ Ջրառատը ապացույց:

Ընտրարշավը կիսվեց ու ի հայտ բերեց «հին հայկական ավանդույթները», որ հասցրել էինք մոռանալ վերջին 9 տարիներին:
Սկսեմ տաղտուկ ու դառը օրինաչափություններից.


1. Մինչև ընտրարշավն էլ հայտնի էր՝ մարզերը չեն զարգանում, արդիական օրենսդրության ցուցափեղկի տակ տեղերում ֆեոդալիզմ է: Ավատատիրական կարգերի գլխավոր դեմքերը, իհարկե, գյուղապետերն են, որոնցից ամենօրյա կախման մեջ են գյուղացիները: Ընտրությունները պատուհան են, որտեղից բացվում է բուն պատկերը, կարող է նաև լույս թափանցել, եթե ընտրողները ճորտատիրական կապանքները թոթափելու կամք ունենան, իսկ դա դժվար է:
2. Ազատական ու առաջադիմական գաղափարները գեղեցիկ են, ճիշտ են, համոզիչ են թղթի վրա: Բախվելով ֆեոդալական իրականության հետ՝ այդ գաղափարները նահանջում են՝ կենսունակությունը կորցնելով: Սա է ընտրակաշառքի բուն հիմքը, ոչ թե մարդկանց ընչաքաղցությունը կամ հուսահատությունը: Ընտրակաշառքը միակ կամուրջն է, որ կապում է ընտրողին ու ընտրվողին, եթե ընտրվողը իրականում ոչինչ չունի ոչ տալու, ոչ ասելու՝ փողից բացի: Եթե ընտրվողին քաղաքականություն են բերել փողը ու ֆինանսական կայսրությունը քաղաքական կարգավիճակով ամրապնդելու ձգտումը: Ֆինանսներն առանձին ու քաղաքականությունն առանձին իրենց ճանապարհը չեն գտնում՝ նրանք սերտաճում են, որ գոյատևեն: Սովորական կյանքում այդտեղ որոնեք կոռուպցիայի ու ստվերային տնտեսության, օլիգարխների ձևավորման պարարտ հողը, ընտրությունների ժամանակ՝ ընտրակաշառքի կենսունակության պատճառը: Ի՞նչ պիտի ընտրողին տան ՀՀԿ-ն կամ ԲՀԿ-ն, ի՞նչ սպասելիք կարող է նրանցից լինել, եթե ոչ մեկանգամյա փոխհատուցում:
3. Հայաստանում ընտրարշավի ընթացքում տեղի է ունենում հասարակարգային բախում՝ ֆեոդալիզմի ու կապիտալիզմի: Թե ֆեոդալիզմը, թե կապիտալիզմը կազմափոխված են ու գործում են ուրիշ անուններով, բայց բովանդակությունը նույնն է: Փաստ, որ գաղափարական մրցակցությունը դարձնում է ապրիորի, երբ կեցության ու գիտակցության սահմանները խախտված են, իշխում է մատերիան:
4. Ավատատիրական ընկալումներն են քաղաքական դաշտում՝ բարոյական նորմերի իսպառ ոտնահարմամբ: Չկան հասարակական գիտակցության կարգավորիչ տաբուներ՝ նպատակը արդարացնում է միջոցները: Միայն այս մտայնության շրջագծում ինչ-որ Միհրան Պողոսյան կարող է ապրիլյան քառօրյա պատերազմից հետո որդեկորույս ընտանիքի անդամին ներքաշել իր ընտրարշավում:
5. Ընտրությունները ցանկացած երկրում ֆորս մաժոր են և հնարավորություն՝ ամբողջ հասարակության իրական վիճակի ախտորոշման, քաղաքականության մեջ արագացված զարգացումների, հետևաբար՝ տնտեսության ու սոցիալական կյանքում արագ տեղաշարժերի համար: Ընտրությունից ընտրություն հասարակական գիտակցության փոփոխությունները հիմք են, որ պետք է օգտագործել, ոչ թե թաքցնելու ու կորցնելու փորձեր անել: Մարդը սկսում է մտածել, իսկ դա ամենահզոր զենքն է, որի առաջ վահան չկա, պետք է միտքը ուղղորդել ոչ թե ինչ է «եղել»-ին ու ինչու, այլ՝ միասին ինչ կարող ենք ու պիտի անենք:
6. Ընտրությունների ֆորս մաժորի ժամանակ ոչ միայն արագ ախտորոշման, այլև արագ ապաքինման հնարավորություններն են մեծանում՝ եթե հասարակական գիտակցության մեջ արդեն եղել են տեղաշարժեր, անպայման անդրադառնում են քվեարկության վրա՝ անկախ ընտրակաշառքից, վախի կամ հուսահատության մթնոլորտից, օբյեկտիվ ու սուբյեկտիվ նախադրյալներից: Այլասերել քաղաքացուն կարող է այլասերված արժեհամակարգով պետությունը, բայց միայն քաղաքացին կարող է վերականգնել արժեհամակարգը, պետության ու քաղաքացու իրավունքը: Մարդու և պետության արժանապատվությունը միայն ինքնիշխան ու ազատ հասարակարգին է բնորոշ:

7. Բացի հասարակարգային բախումից, ընտրարշավում համակարգային բախում է ծավալվում: Հետագա ճանապարհի հարցը միանշանակ ու անդառնալի չէ՝ հասարակական տրամադրություններից դատելով՝ հայերն իրենց այլևս եվրասիացի չեն համարում ու համարյա կեսը հակված է իրեն եվրոպացի ընկալելուն՝ աշխարհաքաղաքական իր կողմնորոշումներով:
Իսկ «հին հայկական ավանդույթնե՞րը»: Դրանք բնավ էլ հին հայկական չեն՝ ռոբերտքոչարյանական են: Եթե որևէ մեկը մտածում էր՝ վոինը զենքը վայր է դրել ու չի խառնվելու ընտրություններին՝ իր սկեպտիկ հարցազրույցով կատարվողից դիրքավորվելով իբրև դիտորդ, խորապես սխալվում էր կամ հասցրել էր մոռանալ նրա նախագահության տարիները, մաչոյի կերպարը, որ կայացածության հանդերձներ էր ստանում միայն շուրջբոլորը վախ սերմանելով: Սահմանադրական փոփոխություններով նա գործնականում զրկվեց 2018-ին իբրև նախագահ վերադառնալու շանսից, երկու շաբաթում էլ համոզվեց, որ 2017-ը հնարավորություն չի տալու իբրև վարչապետ վերադառնալ: Ռոբերտ Քոչարյանին մնաց գոնե 2008-ի էֆեկտը ստանալը: Գինը նրա համար երբեք նշանակություն չի ունեցել: Սահմանադրության փոփոխությունից հետո խորհրդարանը դառնում է պետական կառավարման գլխավոր օղակը: Խորհրդարանի լեգիտիմությունը ստվերելը նշանակում է իշխանության լեգիտիմության հարց դնել, դա շանս է ինչ-որ միջոցով իշխանափոխության հասնելու համար: Իրականում՝ ոչ թե իշխանափոխության, այլ՝ հեղաշրջման, որ իշխանության է բերելու Ռոբերտ Քոչարյանին: Արդեն ուղղակի, ոչ թե իր սատելիտների միջոցով:

Առաջին հայացքից ընտրարշավը ծեծկռտուքով, կրակոցներով «զարդարելը» հաջորդեց սոցիոլոգիական հարցումների հրապարակմանը (ճիշտ է՝ մինչ այդ Արարատի մարզում ռեյտինգային ՀՀԿ-ականներն էին հարաբերություններ պարզում, բայց այդ միջադեպերը չվերաճեցին կրակոցների ու քաղաքական կոչերի), որոնք ՕՐՕ-ին խորհրդարանում չէին գտնում: Արագ անհրաժեշտ էր ընտրողի ուշադրությունը միայն սկանդալներով հայտնի դաշինքի վրա կենտրոնացնելը, զոհի ու հալածյալի լուսապսակով զարդարել՝ հայերը զոհերին սիրում են, վարկանիշի աճ էր պետք՝ ամեն գնով: Քաղաքական ճանապարհով չի ստացվում՝ առաջին ասուլիսում Սեյրան Օհանյանը ծայրից ծայր արդարանում էր, Վարդան Օսկանյանը՝ նույնը, բայց ավելի հախուռն ու խրոխտ՝ մտածելով, որ ժամանակ է անցել՝ մոռացած կլինեն, Րաֆֆի Հովհաննիսյանը տկար էր, Արմեն Մարտիրոսյանը էշը ցեխից չէր հանում:

Հանդիպումներն էլ՝ «Հերիք է, հերիք» է կոչերով վստահություն չեն ներշնչում: Հարցումների ի հայտ բերած 2 %-ը երազանքների սահման չէ: Եթե նույնիսկ սոցիոլոգիական հարցումներով ՕՐՕ-ն ստանար ապագա խորհրդարանում առաջին ուժի կարգավիճակ, Ջրառատի ծեծկռտուքն ու կրակոցները հնչելու էին՝ այնտեղ կամ այլ տեղ: Սեյրան Օհանյանի ազգային-հայրենասիրական տեսաուղերձներից հետո նրա խոսքի տոնայնությունը փոխվել էր՝ ռոմանտիկ ու պաթետիկ դատարկաբանությունից գործի անցնելու ժամանակը եկել էր: Նա արդեն հայտարարում է, որ իրենք են միակ ընդդիմությունը, այդ պատճառով իշխանություններն իրենց վարկաբեկում ու ճնշում են, բայց պետք էին ապացույցներ, որ հավատացող լիներ: Որևէ մեկը հարցրե՞լ է՝ ի՞նչ գործ ունի Սամվել Բաբայանը Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների հետ: Ի՞նչ է կորցրել Երևանում, որ չի գտնում: Ինչո՞ւ է անկապ տոգորվել անզուսպ հայրենասիրությամբ ու արդարություն հաստատելու ձգտումներով, որ նախկինում երբեք չի ունեցել: Միայն այն, որ Սերժ Սարգսյանն ասել է՝ ընտրությունները պետք է շատ լավ կազմակերպվեն, համապատասխանեն բոլոր ստանդարտներին, պետք է ազատ և արդար անցնեն, վստահություն ներշնչեն, Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ անելու է, որ հակառակը լինի: Եվ անելու է ոչ միայն ՕՐՕ-ի միջոցով: Փորձելու է ամեն ինչ ու բոլորին: Սա ևս արդեն փաստ է:


Ինչո՞ւ մամուլում անմիջապես տեղեկություններ հայտնվեցին, որ Ջրառատի ծեծկռտուքը շարունակվելու է, կրկնվելու է, եթե նախապատրաստված ծրագիր չէր: Մամուլում միանգամից նաև հեղինակի անուն նշվեց՝ առայժմ միայն Սամվել Բաբայան: Թերևս այն պատճառով, որ գիրուկ գեներալը ինքն է աջ ու ահյակ հարցազրույցներ տալիս ու հոխորտում՝ մասամբ հաստատելով, որ զինված ու անզեն բախումները ՕՐՕ-ի միակ հնարավորությունն են ԱԺ ընտրություններում ընդդիմադիր ուժերի նկատմամբ որևէ առավելություն ստանալու տեսանկյունից, մասամբ՝ զգուշացնելու, որ կա ուժ, որի համար պետություն, ժողովուրդ, ընտրություն՝ զրո են սեփական շահի համեմատ: Սեյրան Օհանյանն էլ նրանից հետ չի մնում ու հաստատում է՝ պատրաստ են «այլ միջոցների դիմելու», որովհետև «Հայհոյանք տվողին Հայաստանում ի՞նչ են անում, պատժում են»։ «Հայկական ժամանակին» Սամվել Բաբայանն ավելին է ասել. «Խորհուրդ չեմ տալիս, որ կանգնեն դաշինքի դեմ, որովհետև այդպես կրակելով՝ տեղ չեն հասնի: Եթե այսօր իրենք են կրակում, վաղը կարող է մյուս կողմը կրակի, ու ընդհանրապես իրենց ողջ-առողջ չգտնեն»: Ավելին՝ հայտարարել է՝ եթե այսպես շարունակվի, արյունահեղություն է լինելու: Հարց՝ ո՞ւմ է դա պետք: Սերժ Սարգսյանի՞ն ու ՀՀԿ-ի՞ն՝ բոլորովին: Իբրև նախագահ իր պաշտոնավարման ընթացքում նա ապացուցել է, որ առաջնորդվում է «Եկեք հաշտ ապրենք» սկզբունքով՝ շանտաժ, ընտրակաշառք, վարչական ռեսուրսներ, կախման ու վախի մթնոլորտ՝ այո, ոչ արյունահեղություն: Արյուն հեղելու ձեռագիրը միշտ էլ Ռոբերտ Քոչարյանինն է եղել: Իսկ Սերժ Սարգսյանի հակաքայլը հապաղում է: Նա դարձյալ ձգում է պարանը, երբ բումերանգն արդեն վերադարձել է: Իսկ ապրիլը մոտենում է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Մարտյան իդերի մեր տարբերակը նույն դրդապատճառն ունի, ինչ Հռոմում էր: Իշխանատենչություն՝ անզուսպ ու անդադրում: Առանց խաղի կանոնների ու ի հեճուկս տրամաբանության: Այս ամենը այսքան վտանգավոր չէր լինի, եթե վերաբերեր միայն Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին և նրանց մենամարտին խառնված մանր-մունր ղարաբաղցիներին, որ տուն-տեղ թողած՝ ընկել են Երևանի դռները: Ընտրարշավը արյունահեղության վերածելու մտադրությունը չափազանց վտանգավոր է նրանց համար, ում շրջապատում կան հանուն մի քանի հարյուր դոլարի ծեծելու, դանակահարելու, կրակելու պատրաստ հացկատակներ՝ սա մեկ: Երկրորդ՝ հարվածի տակ է դնում ընտրությանը մասնակից քաղաքական ուժերին: Կգա պահ, երբ նրանք պարտադրված կլինեն վերաբերմունք արտահայտել: Եթե նրանք տուրք չեն տալիս Ռոբերտ Քոչարյանի ու ՕՐՕ-ի սադրանքին, ինքնաբերաբար հայտնվում են իշխանության պաշտպանի դիրքերում: Իսկ դա իրենց բացահայտ կամ գաղտնի նպատակը կարող են համարել ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀՎԿ-ն, ՀԿԿ-ն, ՀԱԿ-ը, բայց ոչ ԱԴ-ն ու «Ելքը»:

Եթե նրանք տուրք են տալիս, հայտնվում են առաջին բռնապետին պաշտպանողի դերում, թեկուզ ակամա՝ հանուն ընտրաքվեի: Երրորդ՝ ինչպես իր պաշտոնավարման տասնամյակում Ռոբերտ Քոչարյանը այլասերեց կամ մարգինալացրեց ընդդիմությանը՝ ամրապնդելու համար իր ոչ լեգիտիմ իշխանությունը, այնպես էլ հիմա փորձում է նույնը անել՝ վարկաբեկել ու վնասազերծել իրական ընդդիմադիր ուժերին ու ընդդիմությունը որպես կատեգորիա՝ ապահովելու համար իշխանություն վերադառնալու երկրորդ աստղային ժամը: Այս ամենը շատ հստակ է, բայց նախընտրական ժամանակի առանձնահատկությունն է, որ ակնհայտը կորչում է սոփեստության, դեմագոգիայի, պոպուլիզմի հորձանքում, երբ բոլորի շահերը բախվում են բոլորի շահերին ու մթնոլորտում ավելի շատ աղմուկ կա, քան ձայն, երբ ինքնամաքրվող ծովը ափ է նետում աղբը, իսկ աղբը հավաքող չկա: Ի՞նչ պիտի անի իշխանությունը: Հանուն ինքնապահպանության՝ հիշի արդարադատության մասին՝ արագ հետաքննության ու մեղավորներին օրենքի սահմաններում պատժելու տեսքով: Երբ բումերանգը սկսել է վերադառնալ, գոնե մի անգամ ինքն իր ձեռքով պիտի հավաքի իր աղբը: Դա է ելքը:

Դիտվել է՝ 1632

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ